Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը արձագանքել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը:
«Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ՝
1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար:
2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավար է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:
5. Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը, փորձը և հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին և Արցախին»,-նշել է նա:
Նշենք, որ այսօր Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան, և եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա դա ևս ՀՀ-ն կանի օրենքի տառին համապատասխան: