2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Այս մասին տեղեկանում ենք պալատի կայքից:
Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
1. Հաստատվել են մի շարք հաշվեքննությունների արդյունքում կազմված հետևյալ ընթացիկ եզրակացությունները՝
– ՀՀ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթաց (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման),
– Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմիններ
– ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։
Վերջիններս պարունակում են հաշվեքննության համապատասխան օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված բազմաթիվ անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կայք-էջում։
2. Որոշում կայացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների հրապարակումն արգելվում է։
3. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։
4. Հաստատվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման հաշվեկշիռը։
5. Հաստատվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվեցին կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։