Կատարում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը` Դոհա

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Կատարում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):

Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ:

Նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ (հայտագրերը կցվում են) Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ կատարական կողմը պատրաստ է տրամադրել.

  • տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ,
  • ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր,
  • երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:

Որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել