Կառավարության դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ կհիմնվեն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն են ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում՝ հետևյալ համամասնությամբ`
1) գրականության և արվեստի բնագավառում`
ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,
բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,
գ. կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,
դ. թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ,
ե. կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.
2) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.
3) ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.
4) հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.
5) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում մեկ մրցանակ` Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ.
6) տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝
ա. համաշխարհային ներդրման համար՝ մեկ մրցանակ,
բ. կրթական վեց մրցանակ՝ բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր), մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր), լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր), լավագույն աշակերտ, լավագույն սփյուռքահայ ուսանող, գլխավոր մրցանակ.
7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում` երեք մրցանակ՝
ա. «Լավագույն մարզական քաղաք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր,
բ. «Լավագույն մարզական գյուղ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր,
գ. «Լավագույն մարզական բակ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր։
Հաստատվել է նաև ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության և պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգերը՝ համաձայն հավելվածների.
Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել միայն մեկ անգամ:
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով, իսկ 7-րդ ենթակետով՝ դափնեկրի վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով:
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200 000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական պարգև և 100000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական միջոցներ՝ սույն որոշման 7-րդ կետով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:
100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցները՝ մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար՝ ըստ հետևյալ նպատակների՝
1) 50000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը.
2) 25000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ գիտաշխատողների՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորմանը.
3) 15000 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը.
4) 7200 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին ուղղելու համար.
5) 2800 ԱՄՆ դոլարի չափով միջոցները՝ դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում շնորհվող Հայաստանի Հանրապետության կրթական պետական մրցանակների յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը կազմում է՝
Գլխավոր մրցանակ | 1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն ասպիրանտ (I կարգ) | 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն ասպիրանտ (II կարգ) | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն մագիստրանտ (I կարգ) | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն մագիստրանտ (II կարգ) | 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն բակալավր (I կարգ) | 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն բակալավր (II կարգ) | 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն սփյուռքահայ ուսանող (I կարգ) | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն սփյուռքահայ ուսանող (II կարգ) | 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Լավագույն աշակերտ | 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Որոշումն ուժի մեջ է մտել 2019-ի հունվարի 17-ին:
Մանրամասները՝ այստեղ: