Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը՝ ԱԺ նորընտիր պատգամավորներին

Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը.

«Վեհափառ Տեր,

Հարգելի նախագահող,

Հարգելի պատգամավորներ,

Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար:

Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսևորումների տարի:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին:

Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ, հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

Հարգելի պատգամավորներ,

Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան:

Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին:

Հարգելի պատգամավորներ,

Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն»: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք-նպատակ. նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով և անցնելով երկար ճանապարհով:

Այսպիսով, Նոր Հայաստանը կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր մակարդակներով:

Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը:

Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները և ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարևորագույն բաղկացուցիչ մասը:

Եվ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում:

Հարգելի պատգամավորներ,

Աշխարհը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի՝ լի մարտահրավերներով:

Միջազգային հարաբերությունների մեջ ավանդական մոտեցումները և մեթոդները, ինստիտուտները, կառույցները հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը:
Սա ստեղծում է մեծ ռիսկեր, միաժամանակ, իհարկե, ստեղծում է նաև նոր հնարավորություններ:

21-րդ դարը սրընթաց փոփոխությունների, արագ գնահատականների և որոշումների, խորը փոխկապակցվածության դար է լինելու:

Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեր մոտեցումները:

Գիտակցելով մեր իրական և թվացյալ առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական և ծրագիր ՝ օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող ազգի մեր կարողությունները 21-րդ դարում:

Այո, փոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները` նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը:

Սրանք են մեր նպատակները:

Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները:

Այդ մարտահրավերների շարքը երկար է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորում, Հայաստանի ու Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրասիական և եվրոպական ուղղություններով համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարևանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների և, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում՝ որպես միջազգային հուսալի և կայուն գործընկեր:

Այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ և հմտություններ: Մաղթում եմ ձեզ հաջողություն:

Նոր Հայաստանը պետք է հանդես գա որպես գիտության, մշակույթի, կրթության և նոր տեխնոլոգիաների աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը, խթանի նորարարությունը, ստեղծարար միտքը:

Պետք է ձգտել աշխարհին պարգևել Նոբելյան մրցանակակիրներ, նոր Թումանյաններ և Կոմիտասներ, նոր Արշիլ Գորկիներ, Համբարձումյաններ, Խաչատրյաններ, նոր Գյուլբենկյաններ և Քրքորյաններ:

Եվ իհարկե, բացի իրավական, ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներից, Նոր Հայաստանում մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի «բարեփոխվելու» պարտավորություն, պետք է կատարելագործի իր արժեհամակարգը, հասկանա իր ազգային և անհատական ինքնությունը և դրանից բխող բոլոր պատասխանատվությունները:

Հարգելի պատգամավորներ,

Այն հասարակությունը, որ մենք պետք է զարգացնենք այսօր, կառուցվելու է մեր վարքի, հանդուրժողականության, բազմակարծության հանդեպ հարգանքի և վստահության վրա, կառուցվելու է մեր աշխատելու ունակությամբ, ստեղծելու և ստեղծագործելու կարողությամբ, կառուցվելու է այս պատերի ներքո կայացվելիք ողջամիտ որոշումներով:

Որոշումներ, որոնք կոչված են բարելավելու մեր կյանքը ոչ միայն այսօր, այլև վաղը՝ ապագա սերունդների համար:

Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները և տեսակետները: Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը և հարգանքը փոքրամասնությունների հանդեպ արժեքներ են, նաև՝ առաջընթացի շարժիչ ուժեր:

Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ:

Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին:

Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլևս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաև դրանց կենսագործման վերահսկողությունը, ինչպես նաեւ իշխանության ճյուղերի միջեւ տարանջատման, զսպման և հակակշռման մեխանիզմների ստեղծումը և կիրառումը, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին:

Իմ խորհուրդն է՝ այսօր հաջողության հասնելու համար սևեռենք մեր ուշադրությունը և գործունեությունը ապագայի վրա: Աշխատենք բոլորս միասին և բոլորս բոլորի համար սկզբունքով:

Եվ ինքներս մեզ միշտ հարցնենք՝ ի՞նչ պայմաններում են ապրելու և ի՞նչ հնարավորություններ են ունենալու մեր երեխաները սրանից 10, 20 և ինչու չէ, 100 տարի հետո:

Աշխատենք կառուցել մի հասարակություն, որի հիմքում ընկած են կայուն-հարատև զարգացման հիմունքները:

Կայուն, հարատև զարգացումը հնչեղ կարգախոս չէ միայն, այն կենսական խնդիր է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել:

Կայուն, հարատև զարգացման մասին արժե լրջորեն խորհել նախքան որոշումներ կայացնելը մեր հողի, ջրի, բնական պաշարների, ազգային ժառանգության և արժեքների վերաբերյալ:

Նոր Հայաստանում, երիտասարդ Հայաստանում, պետք է խթանել սերունդների, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջև փոխադարձ վստահությունն ու հարգանքը, արդյունավետ համագործակցությունը:

Երբ ասում եմ երիտասարդ, ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, այլ նախ և առաջ մտքի և հոգու կայտառությունը, փնտրելու և գտնելու, սովորելու և ստեղծագործելու ունակությունը:

Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող և հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա այսօրվա բոլոր միտումները: Այսինքն, մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային համակապակցված ազգ:

Եվ իհարկե, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:

Հայաստանը իրո՛ք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:

Այդ ուղին հեշտ չի լինելու:

Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի անսպառ տաղանդին և անկոտրում ոգուն: Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ ճանապարին ընկած բոլոր դժվարությունները:

Հարգելի պատգամավորներ,

Մեզ բոլորիս մաղթում եմ կազմակերպվածություն, առողջ դատողություն, աշխատասիրություն, հետևողականություն և պատասխանատվություն:
Խորհրդարանին մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Որպես Հանրապետության նախագահ, իմ լիազորությունների սահմաններում, պատրաստ եմ համագործակցության և աջակցության, համատեղ բողմնավոր աշխատանքի՝ ի շահ մեր Հայրենիքի և Ժողովրդի:

Աստված մեզ պահապան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել