Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Այժմ վերաքննիչ դատարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:
««Քյասիբին» տարել են 10 հազար դրամ գողանալու համար, որը իր երեխաներին կերակրելու համար էր, տարել են 4-5 տարի դատեն, իսկ Մանվել Գրիգորյանը, որը ազգին թալանել է, բանակը թալանել է, նրա պետք է բաց թողնե՞ն»,-նշեց ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք` 2018թ-ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատախազությունը: Նիստ էր նշանակվել դեկտեմբերի 28-ին, սակայն այն չի կայացել:
Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: