Ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ առաքելությունից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի. Նիկոլայ Գրիգորյան

Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը գրում է.

«Լավատեսական խոհեր հին ու նորի, թաց ու չորի արանքից
(Ի տեղի CV-ի)

Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ու հարազատներ՝ հայրենակիցներ, շնորհակալ եմ Ձեր՝ ձեզնից յուրաքանչյուրի, շնորհավորանք-բարեմաղթանքի համար: Ձեր կարճ ու ընդարձակ, հարգալից ու սիրառատ շնորհավորանքներով ինձ կրկին վերադարձրեցիք հանրային դաշտ, որն ընդամենը 15 օր ընդմիջումով լքել էի անցած տարվա մայիսից:

Ամբողջ ծառայությունս (մոտ 40 տարի, թղթակցից մինչև մեկնաբան, խմբագիր ու տնօրեն, լեյտենանտից մինչև գեներալ-մայոր), եղել էլ հանրության աչքի առաջ, հավատամքս՝ սպայի պատիվ ու արժանապատվություն, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ: Հիմնադրել եմ հեռուստաընկերություններ, շաբաթաթերթեր, գրել գրքեր, վարել հաղորդաշարեր, Կայացրել եմ ՆԳՆ, ԱԻՎ-ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցել ՊՆ-ի Զինուժի ձևավորմանը՝ հարևնման 02-ին, դասավանդել եմ Երևանի պետական ու մանկավարժական համալսարաններում՝ լրատվությունն ու հանրային կապերն արտակարգ իրավիճակներում իմ մշակած առարկան:

Վերջին 20 տարին ամբողջությամբ նվիրել եմ մեր երկրում ԱԻ համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, բնակչության ու կառավարման մարմինների իրազեկմանն ու պատրաստվածության բարձրացմանը, համակարգ գալով պատրաստի հեռուստահաղորդաշարով՝ Արտակարգ ալիքով, հետո՝ կայք, շաբաթաթերթ, ուսումնական կենտրոն: Սեփական ու համաշխարհային փորձի համադրումով և ստեղծարար ու ինքնատիպ լուծումներով, միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնով ու արտակարգ ցանցով, ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման ծրագրերով Հայաստանը որպես լավագույն փորձ եմ ներկայացրել Եվրամիության ու Եվրախորհրդի աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմում, որից հետո Երևանում 4 խոշոր միջազգային համաժողով կազմակերպվեց՝ Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար խորագրով:

Հայաստանն այս ոլորտում առաջնորդող ճանաչվեց ամբողջ աշխարհում: Մնում էր ձևավորել միջազգային աշխատանքային խումբը: Եվ երբ արդեն ավարտուն տեսքի պիտի բերեի տասնյակ տարիների իմ աշխատանքն ու ամփոփ ներկայացնեի մեր երկրի դիմակայունության ազգային ծրագիրը, չարությամբ, խաբեությամբ, թշնամության հասնող խարդավանքով, ղզիկ մուտիլովկով, ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ առաքելությունից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի (նրանց մի մասը հեռացվել է, մյուսներով ԱԱԾ քննիչներն են զբաղվում, մի քանիսն էլ իմ բացակայությամբ ինքնահաստատվում են՝ սպասարկելով նեղ թայֆայական շահեր):
Այդ և իմ հետագա ոդիսականը նկարագրելն ավելի շատ Շեքսպիրի գրչին է վայել, բայց օգտվելով առիթից, կուզենայի վերահաստատել, որ պատրաստ եմ շարունակել ծառայությունս Հայաստանի Հանրապետությանը՝ իմ գիտելիքն ու փորձը ներդնելով երկրի անվտանգության ու դիմակայունության համակարգերի զարգացման ուղղությամբ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ընթացքում և հիմա էլ իրենց շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով ևս մեկ անգամ նպաստեցին հանրային կյանք իմ վերադարձին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել