Գևորգ Դանիելյանը՝ անցումային արդարադատության հարցերի մասին

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունենացավ քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:

Ներկայացնում ենք զեկուցողներից Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի զեկույցն ամբողջությամբ.

Հայաստանում անցումային արդարադատության անհրաժեշտության վերաբերյալ փաստարկներն, իմ կարծիքով, դեռևս խնդրահարույց են, ինչը, թերևս, պայմանավորված է այդ գաղափարի իրացման շրջանակների ուրվագծերի ոչ լիարժեքությամբ: Կարծում եմ, անցումային արդարադատության գաղափարն ինքնին չի կարող դրական կամ բացասական գնահատվել, քանի դեռ չեն կանխորոշվել դրա ուղղությունները և համարժեք չեն վերլուծվել անցյալում տեղի ունեցած նմանաբնույթ երևույթները: Ընդ որում, այլ երկրների հետ զուգահեռները ոչ թե հիմնավորում, այլ խոցելի են դարձնում այդ գաղափարի կենսունակությունը, քանի որ խոսքը բնավ համընդհանուր նախադրյալներ ունեցող երկրների մասին չէ: Իմ դիտարկմամբ, անցումային արդարադատության առանձին, անգամ անհարկի կոշտ տարրեր, նորանկախ Հայաստանում արդեն իսկ կիրառվել են ինչպես դատական, այնպես էլ դատախազության համակարգում, մասնավորապես, դեռևս 1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո, 1996 թ.՝ Սահմանադրության դրույթների իրացման հենքով կայացան դատավորների և դատախազների նշանակումներ, ինչի արդյունքում գործող կազմի շուրջ 40 տոկոսը ազատվեց զբաղեցրած պաշտոններից: Ըստ էության, վերանշանակումներ նախաձեռնվեց նաև Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների արդյունքում, ինչը դարձյալ ուղեկցվեց կազմի էական վերանայմամբ և կառուցակարգային զգալի փոփոխություններով:

Վստահաբար կարող եմ փաստել, որ, ցավոք, հանրությունը միանշանակ չէր ողջունում այդ նախաձեռնությունները, իսկ մամուլը հեղեղված էր նշանակումների գործընթացում թույլ տված կոռուպցիոն երևույթների մասին տեղեկատվությամբ: Ընդհանրաապես, հակված եմ կարծելու, որ քաղաքական ուժերի կտրուկ փոփոխությանը զուգահեռ դատական իշխանության համակարգում կատարվող փոփոխությունները հանրությունը հակված է ընկալելու առնվազն այդ համակարգը յուրայիններով համալրելու անթաքույց փորձ՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:

Կարծում եմ, մինչ նոր համակարգային նախաձեռնությամբ հանդես գալը, նախ, իրավաչափ կլիներ համարժեք գնահատել անցյալի հիշյալ փորձը, վերլուծել դրանց արդյունքները, հակառակ պարագայում կառուցակարգային և կադրային էական, այսպես կոչված, շտկումներով, մենք դատական իշխանության համակարգը փորձելու ենք պահել մշտապես կրկնվող կտրուկ «ցնցումների» մեջ:

Համամիտ եմ այն վերլուծաբանների հետ, որոնք նախընտրում են առավելապես էվոլյուցիոն, թերությունները ողջամիտ մեթոդաբանությամբ հանգուցալուծելու ճանապարհը, ինչը բնավ չի բացառում ներկայացվող պահանջներին չբավարարող դատավորներին պաշտոնանկ անելը, նախկինում թույլ տված միտումնավոր դատական սխալների արդյունքում արդարացի փոխհատուցումներ սահմանելու և կիրառելու գործընթացը և այլն:   

Մյուս կողմից, արդարադատության համակարգում իսկապես առկա են լրջագույն խնդիրներ, որոնց համարժեք լուծումը ոչ միայն կնպաստի դատական իշխանության անկախության ամրապնդմանն ու արդարադատության որակի բարելավմանը, այլև համահունչ կլինի անցումային արդարադատության գաղափարի կողմնակիցների առջև դրված այն խնդիրների լուծմանը, որոնք աղերսներ չունեն դատական իշխանության անկախության երաշխավորման հիմքերի հետ:

Պայմանականորեն այդ հիմնախնդիրները կարելի է բաժանել երեք խմբի՝ ներպետական օրենսդրության թերությունները, իրավական համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի խոցելի համակարգը և միջազգային ատյանների ու փորձագիտական ներուժի կիրառման աններելի ցածր մակարդակը: Բնականաբար, սրանք բնավ արդարադատության բնականոն իրականացման սպառիչ խոչընդոտները չեն, ինչն էլ հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհուրդը մշակել և կիրառման մեջ է դրել արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգը, որում համալիր անդրադարձ է արվել բոլոր հնարավոր խնդիրներին և դրանց լուծման առավել ընդունելի մեթոդաբանությանը:

Ներպետական օրենսդրության խութերը:

Փոխհատուցման, այդ թվում՝ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի վերականգնման, արտասահմանյան բանկերում ի պահ հանձնված գումարների վերադարձն ապահովելու հարցում, բացի արհեստավարժ ու համալիր ծրագրեր իրականացնելուց, հարկ է նաև համարժեք գնահատել հայրենական օրենսդրությունը, մասնավորապես, այն տեսանկյունից, թե որքանո՞վ է այն նպաստում հանցագործությունների լիարժեք ու օպերատիվ բացահայտմանը, կանխարգելմանը և, որ պակաս կարևոր չէ, նաև դատական սխալների վերացման արդյունքում մարդկանց արդարացմանը: Բնական է, որ առանց այս հարցադրումներին սպառիչ լուծում տալու, պարզաապես հնարավոր չի լինի խոսել փոխհատուցման ծրագրերի կիրառման իրավաչափության և լիարժեքության մասին:

Նախ, հայրենական օրենսդրությունում, այդ թվում՝ այս պահին շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում կարծում եմ, խիստ վիճահարույց լուծում են ստացել իրեղեն ապացույցների պահպանմանն առնչվող հարաբերությունները: Իրեղեն ապացույցը պահպանելու չափանիշ է համարվում վերջինիս, այսպես կոչված, պիտանի լինելը կամ արժեք չներկայացնելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդված, նախագծի 98-րդ և 100-րդ հոդվածներ): Իհարկե, նախագծի 100-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է որոշ վերապահում, սակայն դա չի կարող բավարար համարվել, քանի որ այն վերաբերում է բացառապես առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կյանքի դեմ ուղղված հանցագործություններով գործերով իրեղեն ապացույցներին:

Տվյալ դեպքում, «արժեք» եզրույթի տակ նկատի է առնվում ապրանքային նշանակությունը, օրինակ, կարո՞ղ է, արդյոք, պիտանի լինել շրջանառության մեջ դնելու համար (այդպիսի իրեղեն ապացույցը, օրենսդրությամբ նախատեսված կարգով, պարզապես իրացնելու նպատակով հանձնվում է համապատասխան կառույցներին), մինչդեռ՝ ապացույցի պարագայում արժեքը որոշվում է վերջինիս ապացուցողական նշանակությամբ: Ընդ որում, հարկ է դրա ոչնչացումը փոխկապակցել ոչ թե դատական ակտն անբողոքարկելի դառնալու ընդհանուր հիմքի հետ, այլ պահել գործի հետ՝ գործը պահելու համար նախատեսված ողջ ժամկետով: Առանց, առաջին հայացքից գուցե ոչ էական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման, մենք պարզապես հիմքեր չունենք խոսելու տեխնոլոգիական նվաճումների հենքով գործերը վերանայելու և մարդկանց արդարացնելու գործընթացը լիարժեք կազմակերպելու հնարավարության մասին: Մինչդեռ՝ միջազգային փորձը անվերապահորեն հաստատում է, որ հենց այդպիսի ապացույցների պահպանման միջոցով է հնարավոր լինում անդրադառնալ տասնյակ տարիներ առաջ քննված ու ավարտած գործերին:

Հաջորդ խնդիրը վերաբերում է բանկային գաղտնիքին, որի առնչությամբ վստահ եմ, որ տարաձայնությունները, կոնկրետ իմ ընդդիմախոսները մեծամասնություն են կազմում: Դեռ քսան տարի առաջ, «Голос Армения» օրաթերթին տված իմ հարցազրույցը, որում շոշափում էի բանկային գաղտնիքի ողջամիտ մատչելիության գաղափարը, մեծ աղմուկ հանեց, ինձ մեղադրում էին իբր անհարկի խուճապ սերմանելու մեջ, ինչի արդյունքում մարդիկ կձգտեին հայրենական բանկերում ունեցած իրենց գումարները փոխանցել արտասահմանյան բանկեր: Մինչդեռ՝ գործնականում արտասահմանյան բանկերը, այդ թվում՝ շվեցարական բանկերը անհամեմատ ավելի վաղ անցան անհրաժեշտ բանկային տվյալներն իրավասու մարմիններին փոխանցելու անդառնալի քաղաքականությանը: Մեզ համար առավել մատչելի է հենց այդ բանկերի տեղեկատվությունը, քանի որ նրանք պաշտոնապես հաղորդում են տվյալներ, որոնք անհրաժեշտ են պարզելու, թե որքանով են, օրինակ՝ դրանց սեփականատերերը բարեխիղճ կատարում իրենց հարկային պարտավորությունները, քան հայրենական բանկային տվյալները:

Խնդիրն այն է, որ անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք տրամադրելու համար պահանջվում է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց համաձայնությունը. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակով և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ վարկային տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում» («Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13.4. հոդված):

Այս տեսանկյունից, կարծում եմ, մենք ընթանում ենք ոչ այնքան արդյունավետ ճանապարհով, մասնավորապես հարկ է ոչ թե անհարկի բարդացնել բանկային գաղտնիքի տրամադրումը, ինչը, միևնույն է, ձեռք է բերվում, սակայն հաճախ անտեղի մեծ ուշացումով, այլ հստակ սահմանվի այդ տվյալներին հասու լինելու անձանց շրջանակը, դրանք օգտագործելու ընթացակարգերը և բացառվի ինչպես անօրինական տվյալի ձեռքբերման որևէ փաստ: Յուրաքանչյուր դեպքում պետք է վերահսկող կառույցը օպերատիվ կերպով իրազեկվի իրավասու պաշտոնյայի կողմից այդպիսի տվյալ ձեռք բերելու յուրաքանչյուր դեպքի մասին, իսկ վերջինս պետք է մանրամասն բացատրի, թե ի՞նչ նկատառումով է այն իրեն անհրաժեշտ եղել, և ի՞նչ ընթացք է տրվել արդյունքում:

Իրավական համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի համակարգը:

Միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ իրավական համագործակցության ոլորտին առնչվող իրավական փաստաթղթերի համակարգը հարկ է արմատապես բարելավել՝ ինչպես դրանց ուղղվածության, այնպես էլ հարցադրումների շրջանակի կտրվածքով: Մասնավորապես, դատավարական օրենսգրքերի այն նորմերը, որոնք իբրև խնդրի այլընտրանքային լուծում են առաջադրում դիվանագիտական ուղիներով ձեռք բերված համաձայնությունները, գործնականում պիտանի են սոսկ դրվագային ոչ էական խնդիրներ լուծելիս:

Այսպես, նախ, այդպիսի գործերով դիվանագիտական փոխհարաբերություն թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մաս): Հայաստանն առ այսօր այն երկրների մեծամասնության հետ, որոնցում նաև անօրինական հիմքերով բնակվում են մեծաքանակ հայազգի արտագաղթյալներ, չունի հանձնման մասին համաձայնագրեր, իսկ եվրոպական համաձայնագրերը չեն տարածվում այդ պետությունների, օրինակ, ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի երկրների վրա և այլն: Հավելենք, որ Հայաստանի Սահմանադրությունն առանձին դեպքերում ուղղակի նախատեսում է միջազգային վավերացված պայմանագրերի առկայություն, օրինակ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» (55-րդ հոդվածի 2-րդ մաս): Սա դեռ իրավակարգավորման, այսպես կոչված, «ճկուն» տարբերակներից է, քանզի բազում այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում անգամ միջազգային պայմանագրերի ուժով չի թույլատրվում հանձնումը (Պերմյակովի գործը դրա վառ ապացույցն է):

Եթե որոշ պետությունների պարագայում հիշյալ «կոշտ» իրավակարգավորումը ունի որոշակի բացատրություն, ապա կոռուպցիայի, միջազգային ահաբեկչության և, ընդհանրաապես, միջազգային ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ անխափան պայքարի չափանիշներով այդպիսի իրավական կարգավորումները ուղիղ ճանապարհ են դեպի փակուղի:

Հասկանալի է, որ իրավական համագործակցության պայմանագրեր կնքելու գործընթացը բնավ դյուրին խնդիր չէ, մանավանդ, որ առանձին երկրների հետ Հայաստանը չունի անգամ դիվանագիտական հարաբերություններ, որոշ երկրներ չափազանց զգուշավոր ու պահպանողական են իրավական համագործակցության հարցերում, սակայն հարկ է հնարավորինս արդյունավետ օգտագործել առկա հնարավորությունները՝ գոնե այն երկրների հետ, որոնց հետ փոխհարաբերությունում չկան էական խոչընդոտներ:

Երբեք չեմ անտեսում սոսկ իրավական բնույթի տեղեկատվություն, տարաբնույթ վիճակագրություն միմյանց փոխանցելու հուշագրերի արժեք ունեցող գերատեսչական միջազգային իրավական փաստաթղթերը, սակայն, կարծում եմ, ժամանակն է, դրանց հենքի վրա նախաձեռնել առավել հավակնոտ միջազգային համաձայնագրեր:   

Գործնական արդարադատություն իրականացնելիս, միջազգային ատյանների ներուժի օգտագործման ուղիները:

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը (այդ փաստաթուղթը դեռևս 2013 թ. հուլիսի 10-ին ստորագրել է Նախարարների կոմիտեն և կայացրել ստորագրման համար 2013 թ. հոկտեմբերի 2-ից այն բաց համարելու մասին որոշում), մասնակից պետությունների բարձրագույն դատական ատյաններին (մեր պարագայում՝ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանին) վերջապես վերապահել է՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների կիրառմանն առնչվող  խորհրդատվություն ստանալու միջնորդությամբ ՄԻԵԴ-ին դիմելու իրավասություն (16-րդ արձանագրության 1-ին հոդված): Նկատենք, որ առայժմ այս արձանագրությունը կիրառման լայն շրջանակներ չունի, սակայն, հաշվի առնելով հայրենական դատաիրավական համակարգում ստեղծված բարդ իրավիճակը, մենք կարող ենք նախաձեռնությամբ հանդես գալ և այս փուլում առավել հաճախ ներկայացնել համապատասխան միջնորդություններ: Միջնորդություն ներկայացնելիս, հարկ է հիմնավորել խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությունը և ներկայացնել գործի փաստական և իրավական հանգամանքները:

Միջնորդություններ ներկայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նկատառումով, անգամ նախատեսված է, որ դրանք կարող են կազմվել տվյալ երկրի ազգային լեզվով: Հավելեմ, որ այդպիսի միջնորդությունների քննարկումը վերապահված է անմիջապես 17 դատավորի կազմով ՄԻԵԴ-ի Մեծ պալատին, որը տարեկան քննության է առնում ընդամենը եկու տասնյակը չգերազանցող գործ:      

Զուգահեռ կարող է Կառավարության նախաձեռնությամբ կիրառման մեջ դրվել նաև առավել շարժուն ու կիրառման տեսանկյունից առավել մատչելի համակարգ՝ հանձինս միջազգային հեղինակավոր փորձագիտական հիմնարկների: Համոզված եմ, որ Կառավարության համապատասխան միջնորդությանը կարձագանքեն ինչպես արդեն իսկ գործող միջազգային փորձագիտական հիմնարկները, այնպես էլ միջազգային կառույցները: Ընդ որում, չի բացառվում ձեռք բերել պայմանավորվածություն, որպեսզի մի որոշ ժամանակ վերջիններս՝ փորձագետների մի կայուն խմբի տեսքով, անմիջապես գործեն Հայաստանում, որպեսզի հնարավորինս արագ արձագանքեն ինչպես մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, այնպես էլ դատարանների հարցումներին: Ընդ որում, այս դեպքում միանգամայն հնարավոր է, որ միջնորդություններ ներկայացնեն նաև ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանները:

Վերը նշված երկու դեպքում էլ խոսքը բացառապես խորհրդատվական եզրակացությունների մասին է, դրանք պարտադիր չեն լինի դատարանների համար, սակայն դրանց առկայությունը մեծագույն աջակցություն կլինի ինչպես մինչդատական վարույթի մարմինների, այնպես էլ դատարանների համար (16-րդ արձանագրության 5-րդ հոդված): Ի դեպ, խորհրդատվությունները ենթակա են հրապարակման (16-րդ արձանագրության 4-րդ հոդված): ՄԻԵԴ-ի խորհրդատվության գաղափարը մի տևական ժամանակ միանշանակ չի ընկալվել, այն դիտարկվել է նաև որպես հնարավոր միջամտություն, սակայն ներկայումս վերանայվել են մոտեցումները: Բոլոր դեպքերում, այդ կառույցների նկատմամբ վստահությունը անհամեմատ ավելի մեծ է, վերջին հաշվով, լրջագույն օրինագծերի վերաբերյալ նրանց եզրակացությունը հիմք ընդունելու պարագայում, առնվազն տրամաբանական է նաև դրանց կիրառման առնչությամբ վերջիններիս դիրքորոշման հետ հաշվի նստելը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ,

իրավաբանական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր                                                                                   

Գևորգ Դանիելյան                                             

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել