Մահացել է դատախազական համակարգում շուրջ 45 տարի աշխատած Թեմուր Բրոյանը. Արթուր Դավթյանն իր ցավակցությունն է հայտնել

95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով, ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 տարի լինելով  ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ՝ Թեմուր Բրոյանն իր զգալի ներդրումն է ունեցել երկրում իրավակարգի ամրապնդման գործում, հանցավորության դեմ պայքարում՝ մշտապես առանձնանալով իր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով, թիմի ղեկավարման ունակություններով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցումով՝ արժանանալով գերատեսչական, կառավարական բազմաթիվ պարգեւների և կոչումների:

Իր գործընկերների հիշողության մեջ վաստակաշատ իրավաբանը կմնա որպես սկզբունքային, առաքինի, մարդկային արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ դատախազի օրինակ՝ իր գիտելիքներն ու փորձը դատախազության երիտասարդ կադրերին փոխանցելու, իր խորհուրդներով նրանց օգտակար լինելու անխոնջ պատրաստակամությամբ: Այդ որակները նա լավագույնս դրսևորել է նաև լինելով դատախազության վետերան՝ երբեք չկորցնելով կապը հարազատ համակարգի հետ:

Ավագ գործընկերոջ ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ իր և ՀՀ դատախազության անունից խորը վշտակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:

Թեմուր Բրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 27.11.2018թ., 18:00-ից սկսած, Զոլեր հոգեհանգստի սրահում /Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք, Աջափնյակ վարչ. շրջան/, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ 28.11.2018թ., Ալագյազ գյուղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել