ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունեց գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին նախ ներկայացրեց համակարգում տիրող իրավիճակն ու գործունեության սկզբունքները՝ մասնավորապես նշելով՝ ոստիկանությունում չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը կարելի է վաստակել զարտուղի ճանապարհով․ առաջխաղացման միակ գրավականը բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։
Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը, որոնք աչքի են ընկել հենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ, ներկայացվել էին առաջխաղացման, ոմանք էլ ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Նրանք Վալերիյ Օսիպյանին հավաստիացրին, որ նույն եռանդով և օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու են ծառայել։ Ոստիկանության պետը իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելուց և կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալուց հետո ստորագրեց հրամանները։
Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց նաև կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով մերօրյա ոստիկանության որդեգրած աշխատանքային սկզբունքները։ «Կոռուպցիոն ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Դա անմիջականորեն հարվածում է մեր պետության և մեր համակարգի հեղինակությանը»,- ընդգծեց ոստիկանության պետը։
Ընդունելության եկած ոստիկաններից մի քանիսն էլ ցանկություն էին հայտնել շարունակելու ծառայությունը, չնայած համակարգում ծառայության 20 տարին լրանալուն։ Վալերիյ Օսիպյանը ուսումնասիրեց նրանց անձնական գործերը, և, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ստորագրեց հրամանները։
«Կաշխատեք թափանցիկ՝ գիտակցելով, որ մեր առաքելությունը հասարակությանը ծառայություն մատուցելն է՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարելով ու հասարակական կարգի գերազանց պահպանությամբ»,- բոլորին հրահանգեց ոստիկանության պետը։
Տեսանյութը՝ ոստիկանության