Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ և «Ռենկո» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Երևանի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին:
Հիմնավորման համաձայն՝ 2018թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նոր կառավարության պահանջով կողմերի միջև վերաբանակցվել է շրջանակային համաձայնագրի հավելված 5-ով սահմանված սակագնային պլանը։ 2017թ. կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված սակագինը կազմում էր 6,02 ցենտ՝ առանց ԱԱՀ-ի: Վերաբանակցման արդյունքում գործող համաձայնագրում նախատեսված սակագինը կկազմի 5,7 ցենտ։ Ըստ այդմ, հիմնական փոփոխություններով, մասնավորապես, սահմանվել է «Վարկատուի անբարենպաստ պայմանի իրադարձություն» հասկացությունը, «Վարկատուի կանխավճարի գումար» հասկացությունը և կետանցի դեպքի գնման գնի դիմաց կայանը և ծրագրի տարածքը գնելու փոխարեն կառավարության կողմից վարկատուի կանխավճարի գումարը վճարելու հայեցողական իրավունքը: Վերանայվել է չվիճարկվող գումարների վճարման՝ կառավարության պարտավորության կատարման ժամկետները: Նախատեսվել է նաև ֆինանսավորման կողմերի պահանջների նկատմամբ կառավարության պահանջների ստորադասում և հաշվանցի իրավունքի սահմանափակում: Փոփոխվել է սակագնային պլանը՝ բնական գազի գինը լիարժեք հաշվի առնելու նպատակով, որպեսզի երաշխավորվի, որ կողմերից որևէ մեկը չի շահի կամ վնասվի գազի գնի տատանման արդյունքում, հստակեցվել է վեճերի կարգավորման ընթացակարգը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Սա մեր կառավարության ձևավորման օրվանից ի վեր ամենաակտիվ բանակցվող և ամենաբարդ թեմաներից էր, և բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձևավորումից առաջ՝ 2017 թվականին, և ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր: Առաջին հարցը, որ քննարկվել է, հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի՞ նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Համենայն դեպս, ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել»:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ խնդիրը կապված է սակագնի հետ: «Մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների ընթացքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, այսինքն՝ նվազեց: Տվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն՝ եթե նորմալ ռեժիմով օգտագործում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի վրա նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, այլ, ընդհակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ խնդիրը, վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ, կապված է նախկինում սկսված մի քանի ներդրումային ծրագրերի հետ. «Քաղաքական առումով շատ կարևոր է, որպեսզի մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք: Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար և այս իմաստով նույնպես կարևոր նշանակություն կունենա: Ծրագրով նախատեսվում է 1200 նոր աշխատատեղի ստեղծում, ինչը նույնպես կարևոր է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որը մտահոգիչ էր և բանակցությունների ընթացքում ընդհանրապես հանվել է պայմանագրից: «Մեր պարագայում, իհարկե, ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ՝ ինչո՞ւ ոչ մրցութային կարգով և ինչո՞ւ բանակցությունների եղանակով: Իհարկե, միշտ էլ նախընտրելի է մրցութային կարգով անել ամեն ինչ, բայց տվյալ դեպքում քանի որ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություն, մենք մտածեցինք, որ վերաբանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը, մանավանդ տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը ցույց տվեց, որ նույն մրցութային տարբերակով Վրաստանում կառուցվել է նմանատիպ էլեկտրակայան, և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել:
Այստեղ նաև որոշակի ժամկետներով կաշկանդված լինելու խնդիր կար, և ժամկետների մեջ տեղավորվել-չտեղավորվելը նշանակում է, ըստ էության, պայմանագիրը խզել կամ չխզել: Այս ընտրանքը վերջնական կատարելու համար ևս 5-6 օր ժամանակ ունենք, որը պետք է օգտագործենք վերջին նյուանսները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու և քննելու համար: Դրանից հետո, երբ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը և փոխվարչապետը ինձ տեղյակ կպահեն քննարկումների և դրանց արդյունքների մասին, իմ հանձնարարականը ստանալուց հետո միայն կստորագրվի այդ համաձայնագիրը: Սա է այս որոշման համատեքստը և պայմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: