Այսօր՝ օգոստոսի 31-ին ավարտվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում, Հանրային քաղքականությունների, երկխոսության զարգացում․ Քաղած դասեր՝ ինկուբատորների գործարկման փորձ» թեմայով 5-օրյա սեմինարը։
Դասընթացի վերջին օրը մասնակիցները փոխանակվեցին իրենց եզրակացություններով՝ ինկուբատորներից քաղած դասերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկումներ եղան ինկուբատորների հետագա գործունեության համար գործնական քայլերի մասին: Մատնանշվեցին յուրաքանչյուր ոլորտում քաղաքականության բարեփոխումների թիրախները, հաջորդող քայլերը:
Դասընթացի մասնակիցներից Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի համակարգող, ինկուբատորի պատասխանատու Լիանա Մակվեցյանը նշում է, որ աշխատանքային օրերն արդյունավետ անցան ու տեսական գիտելիքներից բացի նաև գործնական աշխատանքներ կատարեցին, ինչը հնարավորություն տվեց ամրապնդել իրենց ստացած գիտելիքները։ «Շատ կարևոր էր նաև չեխական փորձի ներկայացումը, քանի որ մենք այստեղ տարբեր գորածույթներ ենք իրականացնում, սակայն դեռևս չգիտենք դրանց արդյունավետությունը, իսկ քանի որ չեխական փորձն արդեն կա և պարզ է դրանից քաղված դասերը, ապա շատ հեշտ է դրանց հիման վրա տեսնել, թե ինչը կարելի է մեզ մոտ փոփոխել, ներդնել։ Շատ կարևոր է նաև նշել, որ մեր փորձն էլ իրենց համար է օգտակար»,-նշում է Լիանա Մակվեցյանը։
Նա նշում է նաև, որ սեմինարի ընթացքում վեր են հանվել մարզային ինկունբատորների համար առաջացած աշխատանքային խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված հարցեր, որոնք ի նպաստ կլինեն այլ ՀԿ-ների աշխատանքն ավելի լավ կազմակերպելու համար։
Արթուր Սուքիասյանը, ով Լոռու մարզային մասնաճյուղի համակարգողն է, նշեց, որ չեխ գործընկերոջ հետ ունեցած քննարկումները շատ արդյունավետ են եղել։ «Թվում է, թե այն՝ ինչի մասին խոսվում է, մենք գիտենք դրա մասին, բայց տարբեր խնդիներին լուծումները տալու համար մենք չենք օգտվում ներկայացված տարբեր մեթոդներից։ Ստացվում է, իրենց տարիների ընթացքում կիրառած ու մշակված փորձը, որը կիրառվել է տարիներ շարունակ, ու օգտակար է, տարբերվում է մեր ունեցած փորձից»։ Արթուր Սուքիասյանի խոսքով, կարևոր է, որ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպվելը կարևոր է նաև մարզային համակարգողների համար, քանի որ փոխանակվում ենք Հայաստանի տարբեր մարզերում ունեցած իրենց փորձով և ավելի հստակ պատկեր է լինում թե՛ տեղական, թե՛ չեխ համակարգողների համար։
Շիրակի մարզային գրասենյակի իրավաբան, ինկուբատորների համակարգող Վիկտորիա Եղոյանն էլ նշում է, որ սեմինարն այնքանով էր արդյունավետ, որ իրականացվեց գործնական աշխատանքների միջոցով։ «Կարևորում եմ չեխական փորձը, հատկապես անօթևան ընտանիքների վերաբնակեցման փորձարկումը, որը կարելի է կիրառել Հայաստանի որոշ մարզերում, որտեղ առկա է նման խնդիր, օրինակ Գյումրիում»,-ասացՎիկտորիա Եղոյանը։
Առանձնացվեցին թիմեր, յուրաքանչյուր թիմ իր համար առանձնացրեց մի խնդիր, դրեց իր նպատակը, ընթացիկ խնդիրները որոշվեց և հասավ վերջնական արդյունքի։ Սա այնքանով էր կարևոր, որ կարողացանք թիմային աշխատանով աշխատենք»։
«Ձեռք բերվեցին նաև մի շարք պայմանավորվածություններ, քննարկվեցին հասարակական կազմակերպություններին անհատական խորհրդատվություններ տալու հետ կապված հարցեր։ Վստահ եմ, որ ինկուբատորների շրջանակներում քաղհասարակության կազմակերպությունները կկարողանան իրենց կարողություններն ավելի հզորացնել՝ նպաստելու ոչ միայն Երևանում, այլև մարզերում ավելի հզոր ՔՀԿ սեկտոր ունենալու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու, ինկուբատորների համակարգող Վաչե Բաղդասարյանը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: