Ըստ նախարարության պարզաբանման, հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքը տրամադրվում է ամենօրյա ընթացակարգով

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբից տեղեկանում ենք, որ Խմբի անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ հանդիպել են ցմահ ազատազրկման դատապարտված Յ.Ս.-ին:

Խմբին վերջինս հայտնել է, որ 2018թ. հունիս ամսվա ընթացքում 5, իսկ հուլիս ամսվա ընթացքում 3 օր իրեն զբոսանք չեն տրամադրել: Նաև նշել է, որ հայերեն լեզվին չի տիրապետում, իսկ քրեակատարողական հիմնարկը անձնական գործից իրեն չի տրամադրում իր վերաբերյալ փաստաթղթերի թարգմանված օրինակները:

2018 թ.-ի օգոստոսի 2-ին թիվ 18-59 ընթացիկ հաշվետվությամբ Խումբը վերոհիշյալ հարցերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քննարկմանը:

Ի պատասխան՝ 2018 թ.-ի օգոստոսի 17-ին նախարարությունից հայտնել են, որ ցմահ ազատազրկման դատապարտված Յ.Ս.-ին լիարժեք կերպով զբոսանք չի տրվել, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ ծառայությունում առկա են եղել մեծ թվով թափուր հաստիքներ:

Այդ նպատակով ՀՀ ԱՆ այլ քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն» են գործուղվել մի շարք ծառայողներ: Արդյունքում, ըստ նախարարության պարզաբանման, հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքը տրամադրվում է ամենօրյա ընթացակարգով:

Ինչ վերաբերում է Յ.Ս.-ին իր անձնական գործից փաստաթղթերի թարգմանված օրինակներ տրամադրելու հետ կապված բարձրացված հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ անձնական գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել