ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրվա ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, այդ թվում՝գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:
Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման արդի հրամայականով պայմանավորված՝ կառավարության օրակարգում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումը, որի առաքելություն է ոչ միայն վերացնել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում առկա բյուրոկրատական խոչընդոտները, այլև յուրաքանչյուր ներդրողի հետ հասցեական աշխատանքի միջոցով թիրախավորել և անընդմեջ բարելավել տնտեսական զարգացման նախադրյալներ սահմանող ենթակառուցվածքները:
Այս առումով «մեկ կանգառ, մեկ պատուհան» հարթակում ձևավորվող տեղեկատվական բազան ոչ միայն թույլ կտա մշակել և իրագործել տնտեսագիտորեն հիմնավորված ներդրումներ, այլև հասցեական հսկողություն սահմանելով ներդրումների ներգրավման և իրականացման ամբողջական գործընթացի վրա հընթացս կբացառի ներդրումային ռիսկերը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքն ինքնաշխատ տարբերակով կձևավորի ներդրումային առաջարկ/պահանջարկ սահմանող չափելի և բալանսավորված տեսլական, ինչն էլ թույլ կտա իրականացնել տնտեսական աճ երաշխավորող քաղաքականություն:
Միջազգային ներդրումային, ինչպես նաև միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակված միջոցառումների համախումբն արդեն իսկ դրական արդյունքներ է ապահովում: Օրեր առաջ նշված միջոցառումների իրականացման արդյունքներով Հայաստանը ներառվեց Google Play («Merchant account countries by Google») ցանկում: Դրանց շարունակական իրականացմամբ Հայաստանում հնարավոր կլինի էլեկտրոնային վճարահաշվարկային (մասնավորապես PayPal) համակարգերի ամբողջական գործարկում ապահովել, ինչն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի ճանաչելիության մակարդակը տարբեր էլեկտրոնային հարթակներում և կնպաստի էլեկտրոնային առևտրի գործնական ներդրմանը Հայաստանում:
Սևանի հիմնախնդիրների լուծման նպատակով որդեգրվել է ջրային ռեսուրսների խելամիտ կառավարում սկզբունքը՝ ուղղված Սևանա լճում հավասարակշռված էկոհամակարգի վերականգնմանը: Միաժամանակ, Սևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ բարեկարգել լճի ափամերձ հատվածները և զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ Սևան ազգային պարկի ռեբրենդինիգի միջոցով Գեղարքունիքի մարզում ներդնել բուսականությամբ հարուստ եզակի ռեկրեացիոն գոտի:
«Գլենդել հիլզ» ծրագրերում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքներով կառուցապատման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների համատեքստում՝ մինչև գալիք տարեվերջ արդարացի փոխհատուցումներ կտրամադրվեն նշված ընկերության շահառուներին: