Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ նախարար Զեյնալյանը ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին:
Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և Քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:
Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը կարևորել է աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը և ընդգծել, որ այս արժեհամակրգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլ ամենահեռավոր մարզերում նույնպես: