Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Ա. Թորոսյան

«Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան` տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նախարարի խոսքով` սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրացվի: Հիմնական անելիքներից է նաև ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը:

Իսկ այս նպատակին պետք է հասնել առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ ունենալով: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,-ասել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել ընկերություններին հետաքրքրող հարցերին, մասնավորապես, նաև բժշկական սխալի ապահովագրության ներդրման թեմային: Նախարարը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած հարց նախարարությունում կդառնա քննարկման թեմա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել