Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ պաշտպանն առանձնազրույց է ունեցել Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:
Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից, ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամություն է հայտնում լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:
Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ուրբաթ ուշ երեկոյան: