Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը:

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:

Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ: Նախագահը կարեւորել է առաջնահերթ խնդիրների ձեւակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձեւավորումը: «Ընդհանուր տեսլական ունենալը կարեւոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել եւ պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:

Նախագահը շրջել է նաեւ աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել