Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հանդիպել է «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։
Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարը իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։
«Սանիտեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։
Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիտեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։
Նախարարը հույս է հայտնել, որ «Սանիտեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երևանի սանիտարամաքրման և աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։