«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նախօրեին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պաշտոնապես դիմել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարներին և ՌԴ դեսպան Իվան Վոլինկին:
Դիմումում ասվում է.
«2018 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության, տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու՝ զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ: Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից: Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել: Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության շրջանում զայրույթ ու վրդովմունք են առաջացրել: Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից՝ պատասխան տալ այդ գործողությունների համար:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետեւյալի մասին.
Ի՞նչ իրավական ընթացակարգերի հիման վրա է իրականացվել զորավարժությունները,
Ինչո՞ւ այս մասին նախապես տեղյակ չեն եղել բնակիչները, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը եւ ՀՀ Պաշտպանության նախարարությունը,
Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի գյուղացիների զայրույթը մեղմեք եւ պաշտոնապես ներողություն խնդրեք,
Ո՞վ եւ ե՞րբ է պաշտոնապես պատրաստվում ներողություն խնդրելու, զորավարժությունների պատճառով գյուղացիներին հոգեբանական անհանգստություն պատճառելու համար:
Եթե պատրաստվում եք ներողություն խնդրել, ապա խնդրում եմ այդ մասին նախօրոք ծանուցել ՀՀ բոլոր քաղաքացիներին»: