Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.7 հոդվածը սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը:
Համաձայն օրենքի,
1. Առանց ուղևորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 450 հազար դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
3. ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում՝
- ՀՀ-ից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 150 հազար դրամի չափով.
- ՀՀ-ից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 450 հազար դրամի չափով.
- ՀՀ-ից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 50 հազար դրամի չափով.
- ՀՀ-ից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 150 հազար դրամի չափով.
- ՀՀ հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր՝ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 400 հազար դրամի չափով, միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ 200 հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: