Ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձերից և պարգևավճարներից ապօրինի գումարներ են յուրացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Այսպես, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ղեկավարության կողմից ապօրինի գումարներ են հավաքվել հիշյալ բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների աշխատավարձերից և պարգևավճարներից:

Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Մարտունու բաժնի պաշտոնատար անձինք նույն բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների կողմից աշխատավարձերն ստանալուց և կանխիկացնելուց հետո ամիսներ շարունակ նրանցից պահանջել և ստացել են գումարներ՝ պատճառաբանելով, թե, իբր, պահումներ են կատարվում, կամ գումարները նախատեսված են կոմունալ ծախսերի համար:

Տվյալներ են ստացվել նաև, որ նույն եղանակով աշխատակիցներից գումարներ են պահանջվել և ստացվել վերջիններիս կողմից 2017-2018 թվականներին պարգևավճարներ ստանալու ժամանակ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել