Նիկոլ Փաշինյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել երկու երկրների միջև փոխադարձ ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երևանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր է ժամանելու պետական այցով և մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Վարչապետը հավելել է, որ այդ կարևորագույն միջոցառման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իր ուշադրության կենտրոնում: «Վստահ եմ, որ մեր երկրների երկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հղել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև այդ հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Վարչապետը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական մթնոլորտում շարունակելու բանակցային գործընթացը:

Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: «Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, մեր երկիրը միշտ կլինի ձեր կողքին ու այդ մասին Էմանուել Մակրոնը անձամբ կհաստատի՝ Հայաստան այցի ընթացքում»,- ասել է Ֆրանսիայի Եվրոպայի արտաքին գործերի նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի բարձր մակարդակով և կարևորել դրա շրջանակում նախատեսված տնտեսական ֆորումի անցկացումը, հատկապես որևէ կոնկրետ ոլորտի ուղղվածությամբ: Ժան-Իվ Լը Դրիանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը նոր թափ կհաղորդի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան գիտակցում է այդ հարցում իր պատասխանատվության աստիճանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ավելացրել, որ որևէ բռնություն կամ ուժի կիրառում չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում վավերացումը, ինչպես նաև անհրաժեշտ համարել վիզաների ազատականացման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կրթության, մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությունից և անդրադարձել Հայաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հնարավորությանը վերաբերող հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել