Վիկտր Ենգիբարյանը՝ ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամ. ի՞նչ կենսագրություն նա ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24-ին արձանագրություն է կազմել, որի համաձայն Երևանի ավագանու «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխանաբար կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիկտր Լևոնի Ենգիբարյանին տալու վերաբերյալ:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում ավագանու նոր անդամի կենսագրությունը:

Վիկտր Ենգիբարյանը ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Կրթություն

Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։
Ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետում։ Նեղ մասնագիտացումը՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում:

Հետագայում վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։

Ավարտել է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «հանրային կառավարում» ծրագիրը:

Աշխատանքային փորձ

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում որպես ականների քարտեզագրող:
2005 թ-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը: Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։
Ներկայումս Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգայի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար:

Սոցիալական ներգրավվածություն

Գերմանիայում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել հայ համայնքի գործունեության մեջ։ Ընտրվել է Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ (հիմնադրվել է 1860 թ.-ին):
Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել