Այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում պատգամավորները քվեարկում էին երեկ քննարկված օրենքների նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունելու համար:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ընդունվեց 81 կող, դեմ 7 ձայներով:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը առաջարկեց, որպեսզի նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպվի վաղը, սակայն ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց երկրորդ ընթերցումը կազմաերպել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից առաջ, որպեսզի հաջորդ օրը միայն այդ հարցի քվեարկության համար նիստ չհրավիրվի:
Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը արձագանքեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը. «Ինձ թվում է, որ մեր աշխատավայրը Ազգային ժողովն է և եթե ոմանց համար դա ծանր բեռ է, ապա իմ կարծիքով որևէ խնդիր չկա վաղը աշխատանքի գալու»:
Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց. «Ես խնդրում եմ մի քիչ ավելի լավ լսեն իմ ասածները այն մարդիկ, ովքեր ուշ են ընկալում: Այսպես, թե այնպես մենք այս օրենքը պետք է քննարկենք: Ուզում եք վա՞ղը, թող լինի վաղը, ուզում եք երկուշաբթի՞, թող լինի երկուշաբթի»:
Նրա խոսքի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Ուշ Դուք եք հասկանում»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլորին հորդորեց վերադառնալ կառուցողական աշխատանքային միջավայր: Նիստը շարունակվեց: