Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության բոլոր նոր անդամներին․ «Հաջողություն վարչապետին, կառավարությանը և մեր ողջ ժողովրդին, շնորհավորում եմ»,- նշեց նա։
Նշենք, որ առաջին անգամ է, երբ կառավարության անդամների երդմնակալությունը հանդիսավոր կերպով է արվում, ինչին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ, որ շատ կարևոր նշանակություն ունի արարողության հանդիսավոր բնույթը՝ ժողովրդի առաջ երդվելը։ Ես արդեն 13 օր վարչապետի կարգավիճակում եմ, և ինձ համար շատ կարևոր էր այդ երդման տեքստն ընթերցելիս վերլուծել այդ 13 օրերի ընթացքը, և ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ հենց այնպես, ինչպես որ նախատեսված է երդման տեքստում»,- ասաց վարչապետը։
Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև կառավարության առաջիկա ծրագրերին։
«Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ պետք է լուծենք։ Կառավարությունը պետք է բնականոն գործի։ Կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է։ Ի վերջո, այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, իսկ թե ինչ ֆորմատով, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։