Վաղը՝ մայիսի 10-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ կքննարկի ՀՀ ՊՆ-ի կողմից մշակված «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի հիմնավորման համաձայն «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հիմք է հանդիսանում ՀՀ Նախագահի 2017թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը և 2018-2020 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» NՆՀ-1020–ՆԳ հրամանագրով հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի պահանջները:
«Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում:
Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունն ելնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակից ստիպված է.
- 1) ստեղծել սեփական զինված ուժերի կարիքները բավարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն,
- 2) ռազմարդյունաբերության ոլորտում մշակել և իրականացնել հավակնոտ և հեռանկարային ծրագրեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ստեղծումը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն:
Այս նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տե-սականին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տե-սակներով արտաքին շուկա դուրս գալու համար:
«Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծն ընդունելուց հետո «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կստեղծվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: