Որքա՞ն գումար կտրամադրվի իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգի, առավելագույն չափի ու ժամկետի հետ կապված հարաբերությունները կարգավորող Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի հիմնավորման համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է Կառավարությունը:

Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ համանման սոցիալական երաշխիքներ ամրագրված են ինչպես դատավորի, այնպես էլ պատգամավորի և Կառավարության անդամի համար:

Մասնավորապես, «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, իսկ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված Կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Ընդ որում, փոխհատուցման առավելագույն չափ «Երևան քաղաքում  բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու չափի և կարգի մասին» Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ընտրվել է 100.000 դրամը:

Վերոհիշյալը վկայում է «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

Նախագծով առաջարկվում է, «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով՝

1) ամրագրվում են դատավորի կողմից դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը,

2) սահմանվում է 100.000 դրամի չափով փոխհատուցման առավելագույն չափ,

3) նախատեսվում է, որ փոխհատուցումը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամանակահատվածի համար,

4) ամրագրվում են փոխհատուցման տրամադրման դադարեցման դեպքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել