Այսօր՝ մայիսի 3-ին կառավարության հերթական նիստի ժամանակ կսահմանվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն, սրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երևան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ:
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: