Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» թիվ 489 որոշումը:
Հարցը ընդգրկված է ապրիլի 19-ի կառավարության նիստի օրակարգում:
Նախարարության հիմնավորման մեջ նշված է. «2018 թվականի հունվարի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-87-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը հանվել է: 2018 թվականի մարտի 17-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» թիվ 265-Ա որոշումը: Որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև 2018 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 17-ի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» թիվ 265-Ա որոշման կատարումը և կվերացվի իրավական ակտերի միջև առկա հակասությունը»: