Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում 2018 թվականի ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի և Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը:
Այս մասին տեղեանում ենք ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի հիմքում դրված փաստական հանգամանքների վրա և փաստաբաններին օժանդակել իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Հասանելի տեղեկությունների համաձայն՝
– փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը քրեական հետապնդման են ենթարկվում վեճի կապակցությամբ, որը քաղաքացիաիրավական բնույթ ունի.
– փաստաբան Մհեր Բադալյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր մասնագիտական գործունեության ընթացքում, հօգուտ իր վստահորդի, որոշակի գործողություններ իրականացնելու համար: Հատկանշական է, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է շահադիտական դրդումներով), այն դեպքում, երբ փաստաբան Մհեր Բադալյանը քաղաքացիական գործով մասնակցել է, որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ: Քաղաքացիական գործով գործին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբանը չի կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ և ցուցմունք տալ դատարանին:
Խորհրդակցության մասնակիցները կիսել են այն մտահոգությունը, որ փաստաբանների քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործողությունները քրեաիրավական դաշտ տեղափոխելը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է ներկայացնում:
Խորհրդակցության ավարտին Փաստաբանների պալատի նախագահն առաջարկել է այս երկու հարցերը ներկայացնել Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պատկերն ստանալու, ինչպես նաև փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: