Այսօր՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ մինչ այս նա զբաղեցում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Նա պաշտոնից ազատվել է ապրիլի 5-ին։ Այս պաշտոնն Արմեն Սարգսյանը ստանձնել է 2013 թ-ի սեպտեմբերի 27-ին։
Ստորև ձեզ ենք ներկայացանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած Արմեն Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Սարգսյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 անհատական բնակելի տուն, 2 բնակարան։ Նրա դրամական միջոցները` այդ օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն եվրո։
Ներկայացված տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ
- 2014-ին Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Range Rover 4.4 L V8 մակնիշի ավտոմենքենա՝ 70․000 ֆունտ ստեռլինգով (շուրջ 47 միլիոն դրամ): Հարկային տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 600 հազար եվրո։
- 2015-ին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 6 միլիոն 150 հազար եվրո,
- 2016-ին՝ 5 միլիոն 700 հազար եվրո։
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013 թվականի տարեսկզբին հայտարարագրել է 950 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 930 հազար եվրո։ Տարեկան հայտարարագրերից պարզ է դառնում, որ տարիների ընթացքում դրամական միջոցները գնալով նվազել են՝ կազմելով՝
- 2014-ին՝ 900 հազար եվրո,
- 2015-ին՝ 850 հազար եվրո,
- 2016-ին 780 հազար եվրո։
Նշենք, որ այս պահի դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նոր տվյալներ դեռևս հրապարակված չեն։
Ալիսա Չիլինգարյան