Կատարողական վարույթի կողմեր են պահանջատերը և պարտապանը:
Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:
Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:
Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`
-
կնքել հաշտության համաձայնություն,
- կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի,
- ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ,
- անել միջնորդություններ,
- մասնակցել կատարողական գործողություններին,
- տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փատարկներ և նկատառումներ,
- առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ,
- հայտնել բացարկներ,
- բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները,
- օգտվել օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներից:
Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել օրենքի պահանջները:
Քաղաքացիները կատարողական վարույթին կարող են մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:
Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:
Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր: