Կառավարության որոշման համաձայն կստեղծվի նոր՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Թույլատրվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում (բացառությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակների).
2) առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացում.
3) մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.
4) քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելների, նորմատիվների և ստանդարտների մշակում.
5) կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն.
6) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում.
7) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
8) առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում:
Քրեակատարողական բժշկության կենտրոնի կառավարումը իրականացնելու է արդարադատության նախարարությունը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը կհանձնվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեությունն սկսում է 2018 թվականի հուլիսի 1-ից, սակայն կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի մարտի 24-ից:
Եվգենյա Համբարձումյան