Վատ աշխատանքի համար ԴԱՀԿ աշխատողը պետք է ինքը փոխհատուցի, բայց չափերը պետք է հստակեցնել. Միհրան Պողոսյան

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին այսօր՝ մարտի 15-ին, քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին պատգամավոր Միհրան Պողոսյանը ներկայացրած նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը նշեց, որ տեղին չէ հարկադիր ծառայողի վարչարարությամբ պատճառված վնասը փոխհատուցել միայն ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։

«Ճիշտ է, որ հարկադիր աշխատողն իր վատ աշխատանքի պատճառով ինքը փոխհատուցում տա, և պետության համար ծանրաբեռնվածություն չլինի, բայց չափը չհստակեցնելու դեպքում ծառայությանը կարևոր խնդրի առաջ կկանգնեցնեք։ Պետք է նշվի, որ չափը չի կարող գերազանցել ԴԱՀԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների 30 տոկոսը», – ասաց պատգամավորը:

Պատգամավորը առաջարկում է ԴԱՀԿ մասին օրենքի 97-րդ հոդվածը լրացնել նոր կետով.

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, քառասուն տոկոսը՝ կատարողական ծախսերի, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։ Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ ուղղվում է կատարողական ծախսերի ու համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման համար»։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել