Ընտրությունների կազմակերպման ժամանակ փորձնական կներդրվի Blockchain համակարգը

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր օրենքի նախագիծ այսօր՝ մարտի 15-ին, քննարկվում է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Նախագիծը առաջարկել է կառավարությունը:

«Մենք նախատեսել ենք 2000 ընտրողից պակաս ընտրատարածքներում փորձնական կարգով իրականացնել համապատասխան փորձարարարկան ծրագրի միջոցով ընտրությունների կազմակերպումը: Խոսքը վերաբերում է Blockchain կոչվող տեխնոլոգիաներին: Փորձնական կներդնեք և եթե համակարգը իրեն արդարացրեց, ապա կներդնեք ավելի մեծ ընտրական գործընթացների ժամանակ»,-նախագիծը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվել նաև պաշտոնյաների կողմից  վարչական ռեսուրսների օգտագործման համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն է նախատեսվել քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար:

Փոխնախարարը նշեց, որ պատգամավորների կողմից արդեն մի քանի առաջարկություն ստացել է նախագծի վերաբերյալ: Առաջարկվել է նախագծին ևս մեկ մաս ավելացնել. «Բնակչությա պետական ռեգիստր վարող ՀՀ կառավարության լիազորված կառավարման մարմինը պետք է թեկանծուին տեղեկանք տա, որ նա համապատասխանում է թեկնածուին առաջադրված պահանջներին»:

Նախագծի ընդունման անհրաժեշտության մասին խոսելով Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փաստեր չկան, որ թեկնածուները իրենց վարչական ռեսուրսները օգտագործել են ընտրություններում հաղթելու համար, սակայն մտահոգություններ շատ են եղել այս առիթով:

«Այս սահմանափակումները, որոնք արդեն կիրառելի են՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար չափազանց կարևոր նորություն են, որոնք նախկինում չեն եղել: Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելիս: Այո, հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մեջ է, թե ինչպես: Հիմա ավելացվել է կարևոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, այսինքն՝ ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակահատվածում, անգամ դրանից դուրս, ի պաշտոնե քարոզչությամբ հանդես գալ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ Գևորգ Կոստանյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը նախընտրական քարոզչության սահմանափակումների վերաբերյալ լրացնել նոր կետով:

«Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ  ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս  կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին»,-նշված է նախագծում։

Ազգային ժողովի պատգամավորին եւ անմիջականորեն՝ ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին եւ ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վերոնշյալ վարչական ռեսուրսների օգտագործումը:

Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Նոր կետով կլրացվի նաև օրենսգրքի 51-րդ հոդվածը:

«5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու եւ անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս՝ պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման և անցկացման եւ արդյունքների ամփոփման նոր կարգ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել