Կառավարությունը մերժեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարություն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այն մասին, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներ ունեցող ծնողներից մեկին թույլ տրվի ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչև 17:00-ն:
Գործադիրի նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս նախագիծը խնդրահարույց է և առաջարկեց ամեն ինչ թողնել անփոփոխ։
«Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են գործատուի ներքին կարգապահական կանոններով, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, որտեղ աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում է կառավարության կողմից՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն:
Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը: Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ 4 ժամով»,-մանրմամասնեց նախարարը:
Նա նշեց նաև , որ հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային օրը սկսվում է ժամը 9.00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ճիշտ ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կարգավորման պարագայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքը ավարտվում է ոչ թե 17.30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նշված դեպքերում, առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն՝ առկա խնդրին համաատասխան լուծումներ տալու համար։