Ստուգումներ՝ տեղական թռչնամսի շուկայում, խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ներմուծված թռչնամսի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, միջոցառումներ՝ անասնահամաճարակային մշտադիտարկումներ է իրականացրել տեղական թռչնամսի արտադրություններում:

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ Ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված հանրապետության 14 թռչնաֆաբրիկաներում («Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Արթուր Ղազարյան, «Շիրառ» ՍՊԸ,  անհատ ձեռնարկատեր Գրիշա Գալստյան, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Հարություն Կարապետյան, «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ, «Էնդի» ՍՊԸ, «Ագրո-Ալյանս» ՍՊԸ, «Ագրո Բիո Պրոդուկտ»ՍՊԸ, «Սիմկա» ՍՊԸ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Ատլաս» թռչնաբուծական ֆաբրիկա ՓԲԸ) կառույցի մասնագետներն իրականացրել են առկա թռչունների հաշվառում և կլինիկական զննում, ուսումնասիրվել է թռչնանոցներում թռչունների անկման տոկոսը (եղել է նորմայի սահմաններում). արդյունքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող թռչուններ չեն հայտնաբերվել: Դիտարկվել է նաև թռչնանոցներում պահվող թռչունների նկատմամբ կատարվող հակաանասնահամաճարակային բուժ-կանխարգելիչ միջոցառումների իրականացումը պլանավորված ժամկետներում, ինչպես նաև թռչունների խնամքին, պահմանը և կերին ներկայացվող  պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:

Թռչնանոցներից հինգում  անհամապատասխանություններ են հայտնաբերվել վերը նշված նորմերի նկատմամբ. Ծառայության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող պահանջների պահպանման, թռչունների խնամքի և պահման պայմանների բարելավման, հակաանասնահամաճարակային միջոցառումների և ախտահանության աշխատանքների կազմակերպման և գրանցամատյանների ճիշտ վարման, ինչպես նաև թռչունների մորթի, թռչնամսի փաթեթավորման և պահման սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ:

Վերահսկողության ընթացքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ երեք ընկերություններում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մյուս երկուսում փորձաքննությունը շարունակվում է. արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտը, մասնավորապես՝ ներկայումս աշխատանքներ են տարվում թռչնաբուծարաններում կերերի անվտանգության և որակի ապահովման, ինչպես նաև պատրաստի արտադրանքի երկրորդային աղտոտումը բացառելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել