Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Այս մասին ամրագրված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում:
Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:
Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային բաժին, և նրան նշանակվել է ծերության նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):
Ծերության նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային բաժինը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի
հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա):
Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշ փաստաթղթերը (տվյալները):
Ծերության նպաստը նշանակելու դիմումը ներկայացվում է անձամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում:
Ծերության նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):
Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Վերը նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:
Ծերության նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է
1. դիմում
2. անձը հաստատող փաստաթուղթ
Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
• Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող
փաստաթուղթը.
• Փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
3. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ
մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը:
Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`
ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
3) օտարերկրյա քաղաքացին`
ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում: Վերը նշված ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը: