Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:
Նախատոնական հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի և հայրենիքի:
Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսել նաև դրամական պարգևներով ու նվերներով:
Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հանրապետության Նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին` Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:
Սերժ Սարգսյանը մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքն է հղել մարզաշխարհի ներկայացուցիչներին:
***
Նախագահի շնորհավորական խոսքը մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ
Սիրելի՛ մարզիկներ, մարզիչներ,
Հայկական սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում մեր մարզաշխարհի ներկայացուցչներն իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ: Այդ մասին այստեղ արդեն բավականաչափ խոսքեր հնչեցին և, իհարկե, դեռ հնչելու են: Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են և իրոք կարևոր՝ հատկապես երեք պատճառով:
Առաջին. դա մեր ողջ ժողովրդի և հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ խանդավառություն և ոգևորություն: Մեկ օլիմպիական չեմպիոնը կամ մեկ աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր հետևից մարզադահլիճներ է տանում հազարավոր երեխաների, պատանիների և աղջիկների:
Երկրորդ. զանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մաս: Առողջ ապրելակերպը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք առողջ քաղաքացիներ: Հին ճշմարտություն է, որ հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջությունը պահպանելը:
Մենք անընդհատ ասում և կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ և լինեն ակտիվ նաև իրենց մասնագիտական բնագավառից դուրս:
Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձևավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց:
Ձեր հաղթանակների կարևորության երրորդ պատճառն, իհարկե, Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի հանրահռչակումն է: Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի և իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» և «հայ» անունները:
Դուք բազմապատկում եք մեր ժողովրդի փառքը ողջ աշխարհում: Ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց զավակներով: Դուք արժանի զավակներ եք, և մենք հպարտանում ենք ձեզնով: Հայաստանի դրոշը, օրհներգն ու զինանշանը միջազգային մրցասպարեզներում թնդացնում են համայն հայության սրտերը:
Հարգելի՛ բարեկամներ,
Այս անգամ փորձ է արվել համապարփակ և արդյունավետ իրավական կարգավորում տալ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխությանը: Սա ևս մեկ կարևոր դաս է, որ սպորտի միջոցով ստանում են ոչ միայն այն երիտասարդները, այլև ողջ հասարակությունը՝ հաղթանակները պետք է նվաճվեն արդար մրցակցությամբ: Անարդարությամբ ձեռքբերված հաղթանակները որակազրկվում են և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով:
Արդարության, հրապարակայնության, թափանցիկության, հայտարարված մրցույթի կանոնների հստակության շնորհիվ այս տարվա լավագույն մարզիկների տասնյակը ճանաչվում է ողջ սպորտային համայնքի, մարզական լրագրողների և ամենագլխավորը՝ մեր հանրության տարբեր խավերի կողմից:
Կարևորում եմ այս հանգամանքը, քանի որ գտնում եմ, որ սպորտում բաժանարար գծերի անցկացումն անթույլատրելի է: Վստահ եմ, որ այս մոտեցման արդյունքում տարվա լավագույն մարզիկների մրցութային ընտրության շուրջ Հայաստանի սպորտային ընտանիքի համերաշխության վերականգնումը և իրականացվող գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումն այլևս իրականություն է:
Միաժամանակ գտնում եմ, որ չպետք է կանգ առնել: Անհրաժեշտ է մեծացնել այս կարևոր նախաձեռնության անցկացման աշխարհագրությունը: Ես արդեն հանձնարարել եմ քննարկել և մշակել մրցանակաբաշխությանը սփյուռքի մարզական կառույցների և սփյուռքահայ մարզիկների ակտիվ ներգրավման նոր ձևաչափեր: Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ոգուց է բխում մրցույթի հիմքում դրված երկու առանցքային սկզբունք. սպորտային նշանակալի նվաճումներ և Հայաստանի հանրահռչակում: Դա այս միջոցառմանը կհաղորդի նոր տրամաբանություն և որակ:
Սիրելի՛ մարզիկներ, մարզուհիներ և մարզիչներ,
Հայկական սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Համոզված եղեք, որ ձեր առջև ծառացած խնդիրները պետության համապատասխան կառույցների և անձամբ իմ ուշադրության կենտրոնում են լինելու միշտ:
Անշուշտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին, մեր սպորտային ֆեդերացիաների նախագահներին իրենց անձնական ջանքերն ու միջոցները մեր սպորտի զարգացմանն ուղղելու համար:
Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի և մեր հայրենիքի:
Շնորհակալություն:
Իրավաբան.net