ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
ՍԱՊԾ տեղեկացմամբ` անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ՝ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով և «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով:
Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն: