Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող «Կապանի ԲԿ»-ի բժիշկ Ա.Կ.-ն դատապարտեց 2 տարի ժամկետով ազատազրկման:
Դատավճռով բժշկի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորում թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատիժը կրելու սկիզբ է հաշվել 2017 թվականի հունվարի 26-ից:
Հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։
Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Ապա դատարանը բավարարել էր քննիչը միջնորդությունը՝ բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Սակայն դատական ակտից պարզ է դառնում, որ բժշկին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա դատապարտվեց 140-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարման մեջ: