Դեկտեմբերի 19-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Նույն օրը, ժամը 9.40-ին, քաղաքացուհին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, կեսգիշերին, ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը, իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի և 1.200.000 դրամ:
Պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան նա նստել է Լենինգրադյան փողոցից տուն ուղևորվելու համար, սակայն վարորդն այն վարել է դեպի Կորեայի ձորի ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը`1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Փայլակ Հ.-ն:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 8.40-ին, նշված հանցագործության կասկածանքով Փայլակ Հ.-ն Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 74 հասցեի մոտից բերման է ենթարկվել:
Փայլակ Հ.-ն ձերբակալված է: Նշանակվել է ԴԲՓ: Քննությունը շարունակվում է: