Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Գարիկ Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ստացվել է երեք հաղորդում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացվող տվյալներն ստուգելու նպատակով: Նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգվել են ներկայացված կոնկրետ հանգամանքները և տրվել են անհրաժեշտ իրավական գնահատականներ: Հաղորդումներից մեկի հիման վրա քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր են ձեռք բերվել, ներկայումս ընթանում է նախաքննություն, կատարվել են քննչական և դատավարական ծավալուն գործողություններ, նշանակվել են դատահաշվապահական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Մյուս երկուսի դեպքում հանցակազմի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ: Համայնքի ղեկավարն օգտվել է վերոնշյալ որոշումները բողոքարկելու իր իրավունքից, նրա բողոքները ներկայումս դատաքննության փուլում են, և դատարանը, ի վերջո, կտա այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ էին այդ որոշումները հիմնավորված:
Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում (աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմաբ, կեղծված լինելուն: Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն»:
Նշված «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին: Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են գործընկերներին ստորագրել արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել դրանց:
Անգամ սկսնակ իրավաբանները գիտեն ձևավորված այն քրեաիրավական պրակտիկայի մասին, որ երբ անձի խնդրանքով, նրա իմացությամբ մեկ ուրիշը փաստաթուղթ է ստորագրում, կիրառվում է քր. օր. 18-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի hանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է հանցավոր արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հենց այդ հիմքով: Անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է նկատի առնվում բաց նամակում նշելու համար, թե այդ փաստերը որևէ կերպ ապացուցված չեն եղել:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն են համարվում հանցագործություն: Դրանք կարող են դրսևորվել վարչական, քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:
Իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, մինչդատական վարույթի ցանկացած փուլում քրեական հետապնդման մարմինների իրականացված գործողությունների իրավաչափությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու առավել ևս օբյեկտիվությունը բացառապես առերևույթ հանցագործությունների մասին ենթադրությունների, լավագույն դեպքում անձնական համոզմունքների պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ: