ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։
2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Aպարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանին կից սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը, վիճաբանելով տուժողի հետ, իր մոտ գտնվող հրազենից կրակել է նրա ոտքի ուղղությամբ՝ աջ ոտնաթաթին պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով խաթարվել է նաև բենզալցակայանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: