ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Անանյանի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը:

«Օրենքը առաջարկում է հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել»,- մանրամասնել է փոխնախարարը:

Շահաբաժինների հարկումը, ըստ Անանյանի, վերաբերում է օտարերկրյա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիներին, ովքեր որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ:

2016թ. ընդունված օրենսգրքով առաջարկվում էր հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, և հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է հարկել այն շահաբաժինները, որոնք Հայաստանի քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կողմից աշխատվել, բաշխվել ու վճարվել են համապատասխանաբար 2017թ.-ի հունվարի 1-ից և 2018թ.-ի հունվարի 1-ից:

«Մտավախություն կար, որ նախորդ տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը տարիներ ի վեր չէր բաշխվել և կուտակված շահույթ էր, օրենսգրքի գործող խմբագրությամբ կարող էր հարկվել եկամտային հարկով: Օրենսդրական փոփոխության իմաստն այն է, որ խաղի կանոնը փոխում ենք, 2017-2018թթ.-ից հետո աշխատած շահույթները, որոնք կբաշխվեն, կհարկվեն եկամտահարկով»,-ասել է Դավիթ Անանյանը:

Ներկայիս օրենսգրքով գործում է մի նորմ, ըստ որի՝ եթե կազմակերպությունների բաժնետերերը մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշում չեն կայացրել, հունիսի 30-ի դրությամբ այդ շահաբաժինները հարկման նպատակով համարվելու էին բաշխված: Իրավական այս նորմը, փոխնախարարի փոխանցմամբ, այլևս չի գործելու:

«Ավելի լավ է գործիքակազմ չունենալ, քան այդ գործիքը չբխի կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքներից»,- հավելել է նա:

Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել նվազագույն շահութահարկի ոլորտում:

«2004-2014թթ.-ին շահութահարկը կարգավորող օրենսդրության մեջ կար նվազագույն շահութահարկ վճարելու իրավական պարտավորություն, որից մենք հրաժարվեցինք 2014թ.-ին: Մենք հնարավորություն տվեցինք հարկատուներին գերավճարները առանց որևէ ժամկետային սահմանափակման ուղղել հաջորդ տարիներին շահութահարկի տեսքով առաջացած պարտավորությունների մարմանը: Մենք ներմուծել էինք ժամկետային սահմանափակում, որը վերացնում ենք այս օրենքով և վերականգնում ենք այն նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

«Նախատեսվում է նաև հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկի գումարներից փոխհատուցելու մասով սահմանել որոշակի սահմանափակումներ»,- ասել է Դավիթ Անանյանը՝ մասնավորեցնելով, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի փոխհատուցվում, եթե բնա¬կարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհա¬տական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն. դրամը: «2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու»,-շեշտել է նա։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ընդգծել է նաև ներգնա զբոսաշրջային և հանրային սննդի ոլորտներում առաջարկվող բարեփոխումները՝ հստակեցնելով, որ նախատեսվում է վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը: Իսկ հանրային սննդի ոլորտում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը առաջարկվում է վերականգնել 600 քմ շեմը, որը հնարավորություն կընձեռի ոլորտում գործող տնտեսավարողների հարկային բեռը չավելացնել մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը, սահմանել, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակի մասով 2018 թվականի հուլիսի 1-ից համարվելու են և չեն դադարելու համարվել շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունը պետք է հաշվարկվի սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հանրագումարի 6 տոկոսի տարբերությամբ:

Ամփոփելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին և ընդգծել, որ հարկային օրենսդրության այս փոփոխությունները միտված են բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար միջավայրի համար և նպաստել նրա զարգացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել