2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ:
Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի Հելսինկյան կոմիտեից:
Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով: Իմանալով, որ քվեարկության ընթացքը դիտարկելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել՝ դիտորդները որոշել են իրացնել միայն ՔԿՀ-ներում դիտորդի՝ իրենց իրավասությունը, սակայն դիմադրության են հանդիպել:
«Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը դիտորդներին արգելել է մուտք գործել ռեժիմային գոտի՝ պատճառաբանելով, որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է ընտրատեղամասի տարածքով, որտեղ ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող անձինք չեն կարող գտնվել:
Իսկ «Կենտրոն» ՔԿՀ պատասխանատու-հերթապահ Վարդան Աղաբալյանը դիտորդներին ՔԿՀ տարածք արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ընտրություններով են զբաղված և դիտորդներին ընդունելու ժամանակ չունեն:
Այնինչ՝ ՔԿՀ աշխատակիցները դիտորդների մուտքը խոչընդոտելու որևէ օրինական հիմք չեն ունեցել: Դիտորդներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Ինչն այս դեպքում չի եղել:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ