Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: