«Հայանտառ»-ը պարզաբանում է, թե ինչու են համարակալվել Արդվու անտառի ծառերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու են համարակալվել Լոռու մարզի Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության ծառերը:

«ԷկոԼուրի փոխանցմամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են «Հայանտառ»-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի եւ սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության եւ հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

Նշյալ անտառային տարածքը հասունացող 60-70 տարեկան կաղնուտ է՝ հասուն եւ գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը եւ բնական վերաճը խթանելու նպատակով՝ հատման են նշանակվել հասուն եւ գերհասուն բոխու ծառերը, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով եւ հիվանդություններով (ըստ ներկայացված լուսանկարների, ինչպես նաեւ՝ անտառտնտեսության կողմից ներկայացված տեղեկության), ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար:

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ բնափայտի մթերումն իրականացվում է եւ տարեկան հատատեղերը որոշվում են անտառշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա։ Սանիտարական հատումների անհրաժեշտությունը եւ ծավալները հիմնավորվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման եւ հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը:

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերը մինչեւ 2017թ. վերջ ավարտելու են իրենց կողմից ընտրված հատատեղերի հատկացման աշխատանքները, եւ արդյունքները ներկայացնելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որն էլ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դրանք ներկայացնելու է պետական կառավարման լիազորված մարմին՝ սահմանված կարգով ուսումնասիրելու եւ 2018 թվականի տարեկան հատատեղային ֆոնդի ծավալները, ըստ հատման տեսակների, որոշելու համար:

Որոշ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրություններ եւ նման ընթացակարգ արդեն կիրառվել է կամ ընթացքի մեջ է, իսկ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ դեռ ոչ»,- նշված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել