Նոյեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում:
Այս առումով նա ընդգծել է Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԺՀՄԻԳ տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ձևավորված սերտ փոխգործակցության ավանդույթը:
ԺՀՄԻԳ տնօրենը կարևորել է Հայաստանի ներդրումը այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում, այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը:
Ինգիբյորգ Գիսլադոտիրը կարևորել է նաև խորհրդաժողովին նախորդող երկու օրերի ընթացքում Երևանում նույն հարցերին նվիրված՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ԺՀՄԻԳ սեմինարի անցկացումը:
Երկուստեք նշվել է, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։